Հայաստանի նախագահը պաշտոնական այցով եղել է Լիտվայում
Ապրիլի 18-20-ը Հայաստանի նախագահ պաշտոնական այցով մեկնել էր Լիտվա։
Հայաստանի Հանրապետության Նախագահը Լիտվայում հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահ՝ Գիտանաս Նաուսեդայի, Լիտվայի Սեյմի նախագահ՝ Վիկտորիա Շմելիտե-Նիլսենի և Լիտվայի վարչապետ՝ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։
«Լիտվան վճռականորեն աջակցում է Եվրամիության և մեր անդրատլանտյան դաշնակիցների ջանքերին՝ ամրապնդելու Հայաստանի ինքնիշխանությունը և արտաքին ու ներքին սպառնալիքներին դիմակայունությունը։ Որպես ԵՄ անդամ երկիր՝ Լիտվան պատրաստ է նպաստել տևական խաղաղությանը, որը կենսական նշանակություն ունի ձեր երկրի բարեկեցիկ ժողովրդավարական ապագայի կերտման համար»,- ասել է Լիտվայի նախագահ Գ. Նաուսեդան։
Հայաստանի Հանրապետության Նախագահը նաև ծաղկեպսակ է դրել Անտկալնիսի գերեզմանատանը Լիտվայի անկախության համար մղվող պայքարում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Նախագահ Գիտանաս Նաուսեդան մասնակցել են հայ-լիտվական գործարար համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, որի ընթացքում նախագահները հանդես են եկել բացման խոսքով։
Վիլնյուսում Նախագահ Վ. Խաչատուրյանը նաև դասախոսություն է կարդացել Վիլնյուսի համալսարանի ուսանողների համար, այցելել Վիլնյուսի համալսարանի կենսագիտական կենտրոն։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին: